Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գորիսի նստավայր), սեպտեմբերի 10-ին` ժամը 10։00-ին։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ պաշտպանության կողմը ներկայացրել է դատարանին միջնորդություն կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, քանզի դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Առուշ Առուշանյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ (համապատասխան հիմնավորումները հանգամանալից կներկայացվեն դատական նիստի ժամանակ)»,- գրել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։