ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կազմակերպված խմբի կողմից համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՔԿ-ն։
Պարզվել են հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը, խարդախության մեխանիզմը: 29 և 21-ամյա երիտասարդները ստեղծել են հանցավոր խումբ և կատարել դերաբաշխում՝ խմբի կազմում ներգրավելով նաև համապատասխան համակարգչային մասնագետ, ով ստեղծել է «ajakic.com» անվանմամբ կայք:
Ապա Facebook-ում տեղադրելով գովազդ, թե իբր «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունն ընդամենը հաշված րոպեների ընթացքում, առանց վարկային պատմության և երաշխավորի տրամադրում է մինչև 4 մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ օգտատերերին ուղղորդել են վարկ ստանալու վերաբերյալ հայտ ներկայացնելու համար այցելել իրենց կողմից ստեղծված հիշյալ կայք:
Քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով հավաստիացրել են, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և այն ստանալու համար պահանջել 094 605-868 և 077 137-362 հեռախոսահամարներով «Tellcell» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար, որոնք տարբեր օրերի կանխիկացվել են կազմակերպված խմբի անդամների կողմից և հափշտակվել:
Քննությամբ հիմնավորվել է, որ ընդհանուր առմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 939 800 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 29-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:
Նախաքննությունը շարունակվում է: