2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերվում են կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված պետական տեղեկություններին: Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: Այս մասին նշված է կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության ուղիղ հասանելիությունը։
Միաժամանակ նշվում է, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am և govtravel.am կայքերում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումն իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում: Ըստ հիմնավորման՝ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում:
Միևնույն ժամանակ նախագծով առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել այլ տեղեկություններ, որոնք ռիսկային և զգայուն են և վնաս են ՀՀ պետական շահի տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններ իրականացնելու տեսանկյունից:
Կառավարությունում զգայուն տվյալներ են համարում gov.travel.am կայքում պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ տեղադրված հաշվետվությունները։ Առաջարկում են gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, ընդհանուր կարգից շեղվելու դեպքում պատվիրատուի նշված հիմնավորման, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ՀՀ Կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը: