ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, պետությանը պատճառված վնասի չափը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, օգտագործելով ինքնությունները չպարզված անձանց կողմից կազմված, իրավունք վերապահող պաշտոնական ակնհայտ կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և ստացել գումար: