«2021-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հատկանիշներով, այն է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը գրանցվել է հանցագործության 268 դեպք, որից 17-ն ուղարկվել է դատարան, 134-ը կարճվել է, 16-ը՝ կասեցվել, իսկ 101-ն ընթացքի մեջ է»։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նա ներկայացրեց նաև 2022-ի մինչ օրս եղած տվյալները։ «2022-ի մարտի 17-ի դրությամբ նույն հոդվածի հատկանիշներով գրանցվել է հանցագործության 240 դեպք, որից 4-ն ուղարկվել է դատարան, 83-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, իսկ 148-ն ընթացքի մեջ է։ Գրանցված դեպքերից 64-ը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ»,- նշեց փոխոստիկանապետը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին ուղղված վիրավորոնքները քրեական գործի տեսք ստանում, Ֆիդանյանը նշեց, որ ՔՕ համապատասխան հոդվածը 2 ընթացակարգ է նախատեսում։
«Յուրքանչյուր հանցագործության դեպքով երկու ընթացակարգ կա. գործը հարուցվում է այն դեպքում, եթե անձը, ով հանդիսացել է տվյալ հանցագործության օբյեկտ, ում ուղղված է եղել տվյալ հանցագործությունը, անձամբ կարող է դիմել ոստիկանությանը, երկրորդը՝ ոստիկանության կողմից ուսումնասիրվում են այն հնարավոր միջոցները, որոնցով հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել, այդ թվում՝ լրատվամիջոցների միջոցով տրված տեղեկատվությունը։ Մենք ուսումնասիրում ենք՝ արդյո՞ք տվյալ արարքում առկա են հանցակազմի հատկանիշներ, թե՝ ոչ։ Այսինքն՝ մենք ուսումնասիրում ենք բոլոր այն միջոցները, որոնցով կարող է լինել հանցագործության մասին տեղեկատվություն»,- ներկայացրել է պաշտոնյան։