«Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսաղուլյանը կազատվի կալանքից։ Խափանման միջոց կալանքը փոխարինվեց 10 մլն դրամ գրավով ազատ արձակմամբ։ Նման որոշում է կայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանը։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Իսաղուլյանի կողմից՝ ՀՀ վարչապետի և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն է կատարվել: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գ. Իսաղուլյանը, մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին, որը զուգորդվել է ՀՀ վարչապետին և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին առանձնապես ծանր հանցագործության, մասնավորապես՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: