Հաջորդ տարվանից՝ 2023 թվականի հունվարի 1-ից, Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց՝ տնային կալանք։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ակտիվ աշխատանքներ են տարվում տեղում համապատասխան ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ։ Սարգսյանը նշեց, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, որի հաղթողն արդեն որոշվել է»,- նշեց նա։
Փոխանախարարն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 200 էլեկտրոնային ապարանջան, տնային հսկողության 150 սարք, ինչպես նաև համապատասխան ծրագրային և սերվերային ապահովում։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվել է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերն անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից:
«ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումն առաջարկվել է վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ քննության օբյեկտիվությունն ապահովելու նկատառումով»,- մանրամասնել է նախարարի տեղակալը։