Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությանը պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը պահպանելու համար, այնուհետ զեկուցել կատարված աշխատանքի մասին։
«Դատարանը պարտավորեցնում է Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրենին հոգ տանել դատապարտյալի առողջության մասին, ցուցաբերել հատուկ խնամք, ապա զեկուցել ձեռնարկված միջոցառումների մասին»։
Այս որոշմանը նախորդել է Սաակաշվիլիի փաստաբանների միջնորդությունը, քանի որ նրանց պաշտպանյալը վատացել է դատարանի դահլիճում։ Նախկին նախագահն իրեն վատ է զգացել և խնդրել է բժիշկների օգնությունը։ Դատավորը ստիպված է եղել մի քանի րոպեով հետաձգել նիստը։ Դատավարության վերսկսումից հետո Սաակաշվիլին դատարանին հայտնել է, որ մի քանի օր առաջ իր համար դժվարացել է տեղաշարժվելը, և որ ինքը տառապում է անքնությունից։ Նախկին նախագահի խոսքով՝ բանտի բժիշկներն իրեն միայն ցավազրկող են տալիս, սակայն դա բավարար չէ։ Նա համալիր բուժման կարիք ունի։
Թբիլիսիի քաղաքային դատարանը չորեքշաբթի քննել է Սաակաշվիլիի գործը Վրաստանի սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ։ Նախկին նախագահն արդեն լքել է նիստերի դահլիճը։
Վրաստանի նախկին նախագահը, ով վերջերս աշխատել է Ուկրաինայում և ունի Ուկրաինայի քաղաքացիություն, գաղտնի վերադարձել է հայրենիք 2021 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ։ Հոկտեմբերի 1-ին նա կալանավորվել է Վրաստանում, որտեղ նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով նա հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրել ապօրինի սահմանը հատելու համար։ Ըստ քննիչների՝ նախկին առաջնորդը վերադարձել է Վրաստան՝ լաստանավի վրա թաքնվելով բեռնատար կոնտեյների մեջ, որը ուկրաինական Չեռնոմորսկից ուղևորվում էր վրացական Փոթի նավահանգիստ։