ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը միջնորդություն են ներկայացրել Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ․ միջնորդությունը դեռ պետք է քննարկվի։ Այս մասին ՔԿ զինվորական գլխավոր վարչության մոտ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ առաջադրված մեղադրանքով Գարիկ Գալեյանին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում։
«Արթուր Գալեյանն այս պահին գտնվում է քննիչի մոտ, դեռևս մեղադրանք առաջադրված չէ, սակայն պատրաստվում են նույն հոդվածով մեղադրանք առաջադրել։ Կա ևս մեկ քաղաքացի՝ կին, ում մեղադրանք չի առաջադրվելու։ Մենք ասել ենք՝ ուղղակի ամոթ է, նման գործ քննելու իրավունք չունենք։ Երեկ է եղել դեպքը։ Այստեղ ինչ-որ նոր ձևավորված զորամաս կա։ Եկել են, չեն իմացել, որ զորամաս է, փորձել են ներս մտնել։ Զորամասի հրամանատարն արգելել է։ Ես ասում եմ քննիչի խոսքերը։ Գարիկ Գալեյանն ու եղբայրը վեճի են բռնվել, իբր, հայհոյանքներ են հնչեցրել հրամանատարի ու տեղակալի հասցեին»,- մանրամասնեց ընդդիմադիր գործիչը։
Վանեցյանը հայտնեց, որ Գարիկ Գալեյանը հիվանդանոցից տեղափոխվելու է զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ կշարունակվեն քննչական գործողությունները։
Արթուր Վանեցյանը հույս հայտնեց, որ քննչական մարմինը հերոսի ծնողին չի կալանավորի։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, ձերբակալել են՝ զորամասի բարձրաստիճանի սպայի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
Այսօր զոհվածների ծնողներն ու հարազատները, ի պաշտպանություն Գարիկ Գալեյանի, բողոքի ակցիա են իրականացրել ՔԿ զինվորական գլխավոր վարչության շենքի դիմաց։
Ի դեպ, Գարիկ Գալեյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։