Արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին։ Ներկայում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտն ու ՊԵԿ հարկային և մաքսային մարմինները։ Նախագծի փաթեթն առաջարկում է նախաքննության գործառույթը կենտրոնացնել Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն Առաջին լրատվականի հետ զրույցում նշել է, որ Քննչական մարմինների միացումը թույլ կտա նաև մեկ միասնական մեթոդաբանությամբ, մեկ միասնական քաղաքականությամբ քննել այն բոլոր հանցակազմերը, որոնք կվերապահվեն տվյալ քննչական մարմնին:
Բացի այդ, այս պահի դրությամբ Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն, ըստ էության, չեն դիտարկվում տիպիկ քննչական մարմիններ, դրանք հետաքննություն իրականացնող կառույցներ են՝ հավելում է փոխնախարարը: Այս քննչական մարմիններում տարբեր է նաև աշխատավարձի քաղաքականությունը: Ըստ Սարգսյանի՝ Քննչական կոմիտեում նույն գործառույթն իրականացնող քննիչները ավելի քիչ են վարձատրվում, քան ԱԱԾ-ում և ՊԵԿ-ում։
«Այս նախագիծը ևս կգա օգնելու, որպեսզի միասնականացվի աշխատավարձային քաղաքականությունը այս ոլորտում, և ավելի բարձր սոցիալական երաշխիքներ տրամադրվեն քննիչներին»,- ասել է նա։
Ըստ նախագծի՝ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության գործառույթ կիրականացնի մինչև 2023 թվականի հունիսի 1-ը, իսկ Պետական եկամուտների կոմիտեն՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։