Այսօր առավոտյան՝ ժամը 06:30-ին, թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և առևանգելով նրան՝ տարել են անհայտ ուղղությամբ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է վերջինիս փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Փոստանջյանը դիմել է ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` պահանջելով հրապարակել որոշումը, համաձայն որի՝ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից։
«Սասնա ծռեր» խմբավորման մի շարք անդամների փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ հայտնում է, որ խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի են վերցրել և տեղափոխում են Երևան: «Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել»,- նշել է նա։
Փաստաբանը հայտնել է, որ ոստիկաններն այցելել են նաև Վարուժան Ավետիսյանի բնակարան:
«Իսկ սա նշանակում է, որ ՍԾ-երի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ և տղաներին վերադարձնում են բանտ»,- նշել է նա։