Կոչ ենք անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Երևանում բողոքի ակցիաներն ակտիվացել են սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերը կդատապարտեն մեզ, կկշտամբեն ու դավաճաններ կասեն, հնարավոր է նույնիսկ ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, բայց մենք գոհ կլինենք, եթե Հայաստանը 29,8 հազար քառ.կմ տարածքով երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն ստանա։ Ես կստորագրեմ որոշում, որը դա կապահովի»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու հայտարարություն էր արել։ Սկզբում նա նշել էր, որ Արցախը չի կարող և չի լինի Ադրբեջանի կազմում, հետո հայտարարել էր, որ այս պահին Արցախի հետ կապված որևէ փաստաթուղթ չկա սեղանին։
Հավելենք նաև, որ խորհրդարանական ընդդիմության 35 պատգամավորներ ստորագրել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: