Քրեական հետապնդում է հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր, որոնք անօրինական ճանապարհով յուրացրել է։
Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2022թ․ նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Գ.Բ.-ի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 25 դեպքով 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում):
Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչին՝ Բեգլարյանին մեղադրանք ներկայացնելու համար: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, պետության և համայնքի օրինական շահերը և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Դատախազությունը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով: