Ակնհայտորեն բավականին թույլ «փաստարկներով», իրավական բավականին խոցելի հիմքերով փորձ է արվում ԶՈւ-ում առկա իրավիճակը որևէ ձևով պայմանավորել վերջին երկու կամ երեք տասնամյակներում տեղի ունեցած գործընթացներով, իշխանությունը փորձում է խեղաթյուրել իրականությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում ընթացող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրի քննարկմանը, որին ընդդիմությունը չի մասնակցում:
«Այն թեման, որն այսօր բերվել է խորհրդարան, նպատակ ունի հանրությանը շեղել վերջին շրջանում ԶՈւ-ում տեղի ունեցող ողբերգություններից, ԶՈւ-ի և պետական կառավարման համակարգի ձախողման հետևանքով ՀՀ ինքնիշխանության կորուստներից: Մեկ զորանոցի օտարումը փորձ է արվում որպես ԶՈւ-ին հասցված մեծ վնաս ներկայացնել: Եվ սա այն համատեքստում, երբ նույն իշխանությունը մի քանի ամիս առաջ աճուրդի է դրել 71 ռազմական օբյեկտներ, որոնք գտնվում էին ՊՆ բալանսի ներքո»,-ասաց Աբրահամյանը՝ շեշտելով, որ իշխանությունն արդեն մեղավորներ նշանակած է եկել ԱԺ, և թեման ոչ այնքան իրավական, այլ քաղաքական է:
Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը՝ ընդդիմությունը մասնակցելու է վաղը կայանալիք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ չեն պատրաստվում մասնակցել:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմքերը:
Ըստ դատախազի միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարար եղած ժամանակ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՊՆ հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք:
Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Մանրամասները՝ տեսանյութում: