ՄԱԿ-ի Միջազգային դատարանն այսօր՝ փետրվարի 22-ին, ճանաչել է Լաչինի միջանցքի անարգել աշխատանքի համար միջանկյալ միջոցների անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով դա՝ Բաքուն, ընդհուպ մինչև դատական ատյանի վերջնական որոշումը, պետք է, իր պարտավորությունների համաձայն, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապահովի մարդկանց և տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։
Նման որոշում է կայացվել դատավորների կոլեգիայի կողմից 13 «կողմ» և երկու «դեմ» ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման արդյունքում։
Դատարանն արձանագրում է, որ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը խախտվել է, իսկ շրջափակման հետևանքները զգացվում են մինչ օրս: Մասնավորապես, խախտվել է Ստեփանակերտից Հայաստանի հիվանդանոցներ հիվանդների տեղափոխման հնարավորությունը։
Խոչընդոտներ են նկատվում Լեռնային Ղարաբաղ պարենի և դեղորայքի առաքման հարցում, այդ թվում՝ կենսական նշանակության, նշել են ՄԱԿ-ի միջազգային կազմակերպությունում:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը չի բավարարել Հայաստանի պահանջները Ադրբեջանից՝ Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների ամբողջական և անհապաղ վերականգնման վերաբերյալ։
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի՝ 2023 թվականի հունվարի 4-ին Հայաստանի դեմ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու պահանջը։ Բաքվի պահանջները վերաբերում էին ականապատմանը, որը, ադրբեջանական կողմի վարկածով, իրականացնում են Լեռնային Ղարաբաղում հայկական իշխանությունները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: