«Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են: Այս մասին գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Խոսքը, մասնավորապես, «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի, ինչպես նաև մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ի մասին է, որոնց կալանավորելու միջնորդությունները բավարարվել են: Նրանց նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը:
Երեկ հայտնել էինք, որ «Նոր Զովք»-ի հարկային չարաշահումների գործով ձերբակալվել է 4 անձ:
Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը և երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցուցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։