ՊԵԿ-ը ներկայացրել է «Նոր Զովքի» կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հարկվող օբյեկտները թաքցնելու մեխանիզմները, հայտնում է ՊԵԿ-ը։
Մասնավորապես, ՊԵԿ-ը տվյալներ է ստացել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին՝ «1 С» ծրագրին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։
«Նոր Զովք» ՍՊԸ-ն կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, իսկ որոշ դեպքերում տրամադրվում են նաև ներքին կտրոններ»,- հայտնում է ՊԵԿ-ը:
Արդյունքում՝ ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր։ Վարույթային գործողությունների ընթացքում առարկաների և փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան` սերվեր, որը կարող էր գտնվել առավելագույնը 10 կմ հեռավորության վրա:
Ի վերջո՝ սերվերը հայտնաբերվել է Երևանի Բաղրամյան պողոտայի 77/5 հասցեում, որն իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն։ Խուզարկության արդյունքում շինության նկուղային հարկի վերջնամասում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված, հայտնաբերվել է փակ դուռ, որից ներս գտնվել է տվյալների շտեմարանը: Դրա միջոցով գնորդներին տրամադրվել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին։
Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, ըստ նախնական տվյալների ընկերությունը նման հանցավոր գործելաոճի արդյունքում՝ 2019-2023թթ․ հունվար ամիսը՝ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13․2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ։
ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին չիրականացնել ծրագրային միջամտություններ, քանի որ կոմիտեն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար գործիքակազմ` հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են: