Ես ունեմ ինֆորմացիա, որ ԶՊՄԿ պահնորդին սպանել է Հայաստանի Հանրապետություն ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկը, և իմ տեղեկությունը շատ հստակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ այն, որ կատարվածն իրավապահները դեռ չեն հաստատում, նշանակում է՝ որոշակի գործընթացներ են պետք: Նրա խոսքով՝ բացառվում է, որ մարդասպանություն կատարողի նկատմամբ պատիժ չլինի: Ու եթե դեռ ապացույցներ չկան, ապա դա դատախազության թերացումն է:
«Ապացույցներ չկան՝ կլինեն»,- ասաց Ղահրամանյանը՝ նշելով, որ չի կարող ապագայի մասին կանխատեսումներ անել, սակայն վստահ է, որ ադրբեջանցի զինվորը հայ քաղաքացիական անձի սպանության համար կդատապարտվի:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի երկու զինվորականները, որոնք ՀՀ-ում հայտնաբերվեցին ապրիլի 11-ին և 14-ին, մեղադրվում են 2 և 3 հոդվածներով, որոնք սակայն սպանության հոդվածներ չեն պարունակում: Նրանցից մեկը որոշ տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 13-ին սպանել է ԶՊՄԿ պահնորդին՝ հասցնելով 6 հրազենային վնասվածք: Ըստ լուրերի՝ նա նույն պահնորդի հեռախոսով ուղիղ եթեր էր մտել ու հայտնել, որ հարյուրավոր հայերի է սպանել Հայաստանում:
Մինչև սպանությունը՝ Ղահրամանյանը լրագրողներին ասել էր, որ մեկ ադրբեջանցու՝ ՀՀ-ում գտնվելու մեջ անվտանգային ռիսկեր չի տեսնում: