Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից, հայտնում են Քննչական կոմիտեից։
«Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին մասնակիցների կողմից հրապարակային կոչեր են հնչեցվել՝ անկարգություններ իրականացնելու վերաբերյալ։ Դրանից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, այդ թվում՝ հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով, կազմակերպված կերպով կուտակվել են ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ»,-հայտնել են ՔԿ-ից հավելելով, որ զանգվածային անկարգությունների ընթացքում վնասվածքներ են ստացել 3 ոստիկան և 6 քաղաքացի, որոնք բուժօգնության են դիմել մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։
«Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։ Զանգվածային անկարգություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից, որոնցից 2-ը՝ անչափահասներ, 1-ը՝ այլ երկրի քաղաքացի, 9-ը՝ Արցախի, մյուսները՝ Հայաստանի բնակիչներ։ Ձերբակալվածներից 6-ը տարբեր հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտվածներ են։ Եվս մեկ մասնակից՝ բազմաթիվ գողությունների համար նախկինում դատապարտված, Հանրապետության Հրապարակից ձերբակալվել է՝ երկու դանակ կրելու կասկածանքով։ Դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել են մեծաքանակ քարեր, շշեր, երկաթի կտորներ, ապակու կտորներ, այլ իրեր»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում էին տեր կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչպես նաև կոչ էին արել երկրում իշխանափոխություն իրականացնել։ Ավելի ուշ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնց ընթացքում ոստիկաններն օգտագործել են խլացուցիչ նռնակներ։ Նույն օրը Երևանի Հանրապետության հրապարակում սկսվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում էին տեր կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչպես նաև կոչ էին արել երկրում իշխանափոխություն իրականացնել։ Ավելի ուշ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնց ընթացքում ոստիկաններն օգտագործել են խլացուցիչ նռնակներ։
Սեպտեմբերի 20-ին ևս բախումներ էին եղել ցուցարարների և ոստիկանների միջև։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։