«Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից, դատախազությունը, մասնավորապես, վիճարկում է 200-ից ավելի գույքերի օրինականությունը, իսկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները պատրաստվում են դատարանում հիմնավորել այդ գույքերի ձեռքբերման օրինականությունը, գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ 90-ականներից ծագող այս գույքի օրինականության ապացուցումը ՀՀ իրավապահները գրեթե անհնարին են համարել, ուստի վստահ էին, որ Ծառուկյանը հաշտության է գնալու` գույքի ինչ-որ մաս զիջելով պետությանը:
«Սակայն պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, իր սնդուկներում պահպանել է անգամ 80-ականների հին ֆակտուրաներ, որոնք սովետի վերջին և անկախության առաջին տարիներին միլիոնների եկամուտ են բերել իր որդուն և հիմք հանդիսացել նրա հետագա հարստության համար: Դրանց առկայությունը փոխում է իրավիճակը»,- հայտնում է պարբերականը:
Դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վիճարկում է Ծառուկյանի ողջ ունեցվածքի օրինականությունը։
Ծառուկյանի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալն ամբողջությամբ առարկում է դատախազության հայցադիմումը, նրա գույքերի ծագումն օրինական է և դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ:
Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 17-ին։