ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Գալստյանն ազատ կարձակվի, երբ գումարը վճարվի, ոչ աշխատանքային օրերին ևս հնարավոր է գրավը վճարել: Բողոքարկման մասին հարցին փաստաբանը կարող է պատասխանել վստահորդի հետ խոսելուց հետո:
Անդրադառնալով հետագա քայլերի մասին հարցին՝ Մանուկյանը հայտնել է, որ ձեռնարկելու են օրենքով նախատեսված միջոցառումները:
«Ինչ օրենքով նախատեսվում է, դրանք էլ կիրականացնենք: Քննությունը շարունակվում է՝ բոլոր քայլերով հանդերձ»,- ընդգծել է նա:
Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021թ․ հոկտեմբերի 2-ից։
Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Խոսքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է, որով մեղադրյալ է նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2022թ. հունվարին Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել էր անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը: