Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի տարածք 13 կգ թմրամիջոց տեղափոխելու դեպք է բացահայտել, կան ձերբակալվածներ, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական բաժնից։
Ծառայությունից մանրամասնել են, որ հունվարի 25-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունը կանխել է հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոցի խմբաքանակ առաքելու փորձը, որն ստացած անձինք պատրաստվել են տեղափոխել Երևան:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ առանձնապես խոշոր չափերով, պատժվում է առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (թմրամիջոցների մաքսանենգություն առանձնապես խոշոր չափերով, պատժվում է առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ) ԱԱԾ-ն քրեական վարույթ է նախաձեռնել։ Կատարվում է նախաքննություն: