Ոստիկանությունն առաջարկել է 20%-ով նվազեցնել տուգանքները նրանց համար, ովքեր պատրաստ են խախտման մասին ծանուցում ստանալ էլեկտրոնային փոստով, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով կառավարության հեղինակած «Վարչաիրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Եթե մեր քաղաքացիները հանձնեն այնպիսի էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կունենան ծանուցումներ ստանալ, կունենան 20% զեղչ, օրինակ՝ 5000 դրամ տուգանքի դեպքում կվճարեն 4000 դրամ»,- ասել է փոխնախարարը։
Ըստ Սարգսյանի՝ ոստիկանությունը խախատումների գերակշիռ մասը հիմնականում կատարում է տեսալուսանկարահանման սարքերի միջոցով, և արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան շուրջ 1,5 միլիարդ դրամի չափով գումար հատկացնելը։
Նրա խոսքով՝ որոշումը միջանկյալ կլինի, մինչև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ կներդրվի, և քաղաքացիները կունենան ծանուցման հետ կապված պատշաճ համակարգեր և էլեկտրոնային փոստի հասցեներ, որոնք թույլ կտան հստակ նույնականացնել անձին:
Երկրորդ առաջարկը, ըստ փոխնախարարի, կխթանի տուգանքները ժամանակին վճարելուն: 30 տոկոս զեղչ կսահմանվի այն քաղաքացիների համար, ովքեր 15 օրվա ընթացքում կվճարեն տուգանքները:
«Բոնուսային համակարգը հետևյալն է, եթե քաղաքացին 15 օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ»,- հավելել է նա։
Նա հավելել է, որ այս պահին Հարկադիր կատարման ծառայությունում է գտնվում շուրջ 8 միլիարդի չափով չվճարված ակտ:
Մանրամասները՝ տեսանյութում։