Քննչական կոմիտեն հայտնել է փետրվարի 28-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Փանախով Ռուսլան Էլդանիզօղլու ձերբակալության մասին ու հայտարարել, որ նա դիվերսիայի փորձ է արել։ ՔԿ-ն ադրբեջանցու նկատմամբ քրեական վարույթ է հարուցել։
«Քրվարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրել, փոխադրել, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 5 տարի ժամկետով), 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի և ռազմամթերքի մաքսանենգություն, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)»,- հայտնել են ՔԿ-ից։
Գերատեսչությունից հավելել են, որ քրվարույթը հարուցվել է նաև 44-425-րդ հոդվածի 1-ին մասով (դիվերսիա, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով) և 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը, պատժվում է առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ)։
Փետրվարի 28-ին ԱԱԾ-ն հայտնել էր Տեղ համայնքի սահմանային հատվածից ադրբեջանցի զինծառայողի ՀՀ ներթափանցման մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր Լաչինի միջանցքի դիրքերի շրջանում իր զինվորականի հետ կապը կորցնելու մասին։