Դատարանը որոշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելքի մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ, քանի որ «փոփոխելու կամ վերացնելու իրավաչափության պայմաններ առկա չեն, հետևաբար որոշումն այս պահի դրությամբ ենթական չէ վերացման»:
Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ մտադիր են խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնել:
«Գրավի վերաբերյալ միջնորդությունը նշանակում է մեղմ խափանման միջոցն առավել խիստով փոխելու վերաբերյալ միջնորդորդություն, բայց այստեղ ավելի կարևոր է Քոչարյանի ներկայացուցչական մանդատը»,- հայտնել է փաստաբանը՝ ավելացնելով, որ դրան փաստաբանական թիմը ստիպված է գնում՝ չարյաց փոքրագույնի տրամաբանությամբ:
Նոր միջնորդություն ներկայացնելը փաստաբանները բացատրում են այն հանգամանքով, որ Քոչարյանը պետք է մեկնի Ժնև՝ մասնակցելու վեհաժողովի:
Փաստաբանը հիշեցրել է, որ նորմը կիրառվել էր որոշակի մեկնաբանությամբ, որի պայմաններում պատգամավորները հնարավորություն էին ստացել մեկնել արտերկիր՝ պատգամավորական առաքելությամբ: «Այս պարագայում դա չկիրառվեց, ինչով խախտվեց Քոչարյանի՝ օրենքի առջև հավասար լինելու սկզբունքը»,- շեշտել է Կոչուբաևը:
Փետրվարի 27-ին դատարանը որոշել էր Քոչարյանի և ընդդիմադիր ակտիվիստ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ բացակայելու արգելքի մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ, «քանի որ պահպանվում էին վարույթից փախչելու և իրենց վրա դրված պարտավորությունների չկատարման ռիսկերը»:
Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։
Նոյեմբերի 6-ին Քոչարյանն ազատվել էր կալանքից, քանի որ ԿԸՀ-ի որոշմամբ պատգամավորական մանդատ էր ստացել։ Նա նոյեմբերի 14-ին երդվել էր Հայաստանի խորհրդարանում: Փետրվարի 6-ին Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին:
Մանրամասները՝ տեսանյութում: