Մեկ օրում 7 հոգի է մահացել երկու ավտովթարի հետևանքով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նա նշել է, որ Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել 3 մարդու կյանք խլած ավտովթար, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևան-Արմավիր ճանապարհին միմյանց են բախվել Արմավիրի մարզի 34-ամյա բնակչի վարած «Lexus» մակնիշի և նույն մարզի 34-ամյա մեկ այլ բնակչի վարած «VAZ 21723» մակնիշի ավտոմեքենաները։
Դրա հետևանքով երկու վարորդներն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկական կենտրոն», իսկ «VAZ 21723» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները՝ Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի 39-ամյա, 35-ամյա և 38-ամյա բնակիչները, ստացված վնասվածքներից տեղում մահացել են: Բուժօգնության տեղափոխված վարորդների առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Գերատեսչությունը հավելում է, որ կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ: Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Միջոցներ են ձեռնարկվում վթարի առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ, այդ նպատակով նաև հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:
Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով ընտանիքի 4 անդամ է մահացել։ ՔԿ-ն պարզել էր, որ «VAZ 21063» և «Opel Astra 1.6» մեքենաների բախման պատճառով «VAZ 21063»-ում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 38-ամյա վարորդն ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 4 ուղևորները՝ նրա 35-ամյա կինը, 11-ամյա որդին, կնոջ 68-ամյա հորեղբայրը և վերջինիս 67-ամյա կինն ստացած այրվածքներից տեղում մահացել են: Վարորդի առողջական վիճակը, ՔԿ տվյալներով, բավարար է։