Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի ավելի քան 300 մասնակից։ Նա պարզաբանել է, որ իրավապահներն ազատ են արձակել բերման ենթարկվածների մեծ մասին, 20-30 հոգու 6 ժամով պահել են, 10-ից ավելի անձանց՝ 72 ժամով։
Մելիքյանը տեղեկացրել է, որ այսօր երեկոյան ազատ կարձակվի «Ազատազեն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանը, ով 4 քաղաքացիների հետ մայիսի 15-ին 72 ժամով ձերբակալվել էր ապօրինի զենք կրելու անհիմն կասկածանքով։
«Աբսուրդային կասկած, կասկածը հաստատված չէ։ Մենք րոպե առ րոպե սպասում ենք, որ 72 ժամը լրանա, իսկ դա լրանալու է կեսգիշերից անմիջապես հետո։ Այդ ժամանակ տղաները պետք է ազատ արձակվեն»,- ասել է նա։
Մելիքյանը նշել է, որ մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքից հետո բերման ենթարկված «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվել։ Մայիսի 16-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Չախալյանը և 4 ցուցարար մեղադրվում են Երևանում կառավարության շենքի մոտ կատարած խմբային խուլիգանության մեջ՝ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով)։
«Տեսախցիկների առջև տեսանք, որ ակնհայտ սադրանք էր։ Այդ սադրանքի հետևանքով մարդիկ 72 ժամով ձերբակալված են»,- նշել է Մելիքյանը։
Նա հավելել է, որ քանի Չախալյանին խմբակային հոդվածով մեղադրանք չի առաջադրվել, մեծ հույս կա, որ խուլիգանության գործով մնացած 4 կալանավորները 72 ժամ հետո՝ այս կիրակի, ազատ կարձակվեն։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում։