Քննչական կոմիտեն հայտնել է Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի ձերբակալության մանրամասները և հրապարակել ձայնագրություն, որտեղ, ըստ ՔԿ-ի, Ղևոնդյանը խոսում է «կառավարության, Ազգային ժողովի, ՆԳՆ ոստիկանության շենքերը գրավելու» մտադրության մասին։
ՔԿ-ից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով-խմբ.):
ՔԿ-ի վարկածով՝ Հ.Ղ.-ն ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորն է (ՔԿ-ի տեսանյութում նա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ է-խմբ․)։ Ըստ ՔԿ-ի՝ ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ, նա նպատակադրվել է մի խումբ անձանց հետ իշխանությունը յուրացնելու միջոցով հասնել իշխանափոխության։
«Հ․Ղ․-ն մի խումբ անձանց հետ նպատակադրվել է գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և կառավարության լիազորություններին։ Նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մայիսի 22-ին հայտնել էր Ղևոնդյանի ձերբակալության մասին։ Ղևոնդյանը մեղադրանքը չի ընդունել։ Նշենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, նախատեսվում է սահմանզատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» հանրահավաքը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։