Դատախազությունը քաղաքացուց հաղորդում է ստացել մայիսի 25-ին «Անի գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի գործով, նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Մայիսի 25-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, որ «Անի գրանդ» հյուրանոցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համարում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հոգեկան ներգործութունը՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելը, պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով- խմբ)»,- մանրամասնել է նա՝ այլ տեղեկություններ չհայտնելով։
Ըստ Տավուշը հանուն հայրենիքի շարժման տելեգրամյան ալիքի՝ «Անի գրանդ» հյուրանոցի Գալստանյանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու մտադրությամբ ներքևի հարկից ծակել են հատակը։ Ահազանգից հետո հյուրանոցի համար են մտել ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ, որոնք այնուհետև համարից ուղեկցել են մի կնոջ։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ այդ կինը ՊՆ-ի նախկին, ԱԱԾ-ի ներկայիս աշխատակից Հեղինե (Էլեն) Աղասյանն է։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-16-ն անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Ժամը 16։30-ի դրությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներից բերման էր ենթարկվել 284 քաղաքացի։