Քննչական կոմիտեն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի ավոտմեքենան հրդեհելու փորձի համար մեղադրանք է ներկայացրել Կապան համայնքի բնակչի, հայտնում է ՔԿ-ի մամուլի ծառայությունը։
Մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Մայիսի 21-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ անհայտ անձինք փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան։
Ըստ ՔԿ-ի՝ Կապանի բնակիչը, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է «ոչնչացնել» համայնքի ղեկավարի կողմից շահագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան:
«Նշված անձը նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել է»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (հրկիզման միջոցով առանձնապես խոշոր չափերի գույքն ոչնչացնելու կամ վնասելու հանցափորձ, պատժվում է ազատզրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով)։
Դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է։