Մայիսի 27-ին Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու մեղադրանքով 54-ամյա տղամարդ է կալանավորվել, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ տղամարդը Երևանի բնակիչ է։ Քննության տվյալներով՝ նա անհնազանդության գործողություններ կատարող չի հանդիսացել։ Տղամարդը մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, գտնվել է մայրաքաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, որտեղ մի շարք քաղաքացիներ անհնազանդության ակցիա են իրականացրել՝ արգելափակելով ճանապարհի երթևեկելի հատվածը:
Ըստ ՔԿ-ի՝ ոստիկանները պահանջել են բացել ճանապարհը, սակայն քաղաքացիները պահանջը չեն կատարել։ Բացի այդ, տղամարդն արցունքաբեր գազ է փչել ոստիկանի դեմքին։
«54-ամյա տղամարդը, ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը և այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս՝ նման կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ»,- հավելել են ՔԿ-ից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով):
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։