«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներից մայիսի 30-ի՝ ժամը 12։30-ի դրությամբ, բերման է ենթարկվել 9 անձ, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Քաղաքացիներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով):
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ տուգանային հրապարակ է տարվել 6 մեքենա։
Շարժումը մայիսի 30-ի վաղ առավոտից բողոքի ակցիաներ է իրականացնում Երևանում, իրավիճակը լարված է մասնավորապես Հանրապետության հրապարակում։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվել են հրապարակ՝ արգելափակելու կառավարության շենքը, ուր նիստ է անցկացվում։
Armenia Today-ի ֆոտոխցիկը ֆիքսել էր, որ կառավարության մոտ` Տիգրան Մեծ պողոտայի հատվածում, ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել։ Այս պահին հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով «չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»։
«Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական»,- հայտարարել են ՆԳՆ-ում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը մայիսի 29-ին կոչ էր արել մայիսի 30-ին մեքենաներով արգելափակել կառավարության շենքը։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։