Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով վարորդի և սահմանազատման դեմ ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունը 4 անձի մասով ավարտվել է, և նրանց նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել, հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ խոսքը Երկրապահ կամավորական միության նշանով մեքենայով վարորդի ու ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մասին է։
Ըստ ՔԿ-ի՝ վարորդն Այրում բնակավայրի բնակիչ է, որը «միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը»:
ՔԿ-ն հայտնել է, որ ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ տնային կալանքի ենթարկված Ա.Պ.-ն, Հ.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Վ.Մ.-ն, «տվյալ հատվածով երթևեկել ցանկացող Այրումի բնակչի ու մյուսների մոտ վախ առաջացնելու նպատակով, համակեցության կանոնների ցուցադրաբար խախտմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել հիշյալ բնակչի և նրա գործողությունները սատարող քաղաքացիների հասցեին»։
«Անտեսելով ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները՝ նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով)։ Հ.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Վ.Մ.-ի նկատմամբ դատարանը ապրիլի 29-ին կալանք էր կիրառել։ Ա․ Պ-ն՝ Արման Պետրոսյանը, «Մարտական եղբայրության» անդամ է, որը կալանավորվել էր ապրիլի 24-ին։
Տավուշի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ ապրիլի 22-ին «Մարտական եղբայրություն» միաբանության 7 անդամ էր ձերբակալվել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։