«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով 4 անձի 5000 դրամ վճարելու համար ոստիկանությունը 29-ամյա տղամարդու է ձերբակալել, Քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, հայտնում են ՔԿ-ից։
Դեպքի առթիվ հունիսի 2-ին ՔԿ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական վարույթ էր նախաձեռնել (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը մայիս ամսին Երևան քաղաքում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող 4 անձի «վճարել է շուրջ 5000 դրամ և այդ կերպ ապահովել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին»։
ՔԿ-ն նաև ձայնագրություն էր հրապարակել, որտեղ, ըստ ՔԿ-ի, տղամարդիկ խոսում են բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ մասնակիցների գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու ու գումարային այլ հարցերի մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։