«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիայի 19-ամյա մասնակցի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ մայիսի 13-ին շարժման մի քանի մասնակից խուլիգանությամբ վնասել է քաղաքացու ավտոմեքենան, որում գտնվել են դպրոցահասակ երեխաներ։
«Մայիսի 13-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Երևանի բնակիչն իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից հինգ երեխայի տեղափոխելիս է եղել դպրոց։ Այդ ընթացքում Զ. Սարկավագի փողոցում շարժման համակիրների կողմից կազմակերպված անհնազանդության ակցիայի մի խումբ մասնակիցներ աղբամաններով փակել են փողոցի երթևեկելի հատվածը: Երբ երիտասարդները մերժել են վարորդի՝ ճանապարհը բացելու խնդրանքը, վերջինս փորձել է շրջանցել ճանապարհի արգելափակված հատվածը։ Հաշվի չառնելով, որ ավտոմեքենայում գտնվող անձինք դպրոցահասակ երեխաներ են, վերջիններիս անդորրը խախտելով՝ մասնակիցները հարվածել են ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ արգելելով ավտոմեքենայի ընթացքը»,- տեղեկացրել է ՔԿ-ն։
19-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով): ՔԿ-ն ձեռնարկվում է միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։