Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, հայտնում են Վարդանյանի գրասենյակից։
«Վարդանյանը հայտնի մարդասեր և բարերար է, որը երկար տարիներ շարունակ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: Հատկանշական է, որ Ադրբեջանը նրան դիտարկում է որպես սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի, իսկ վերջին շրջանում՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի միջոցով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ միջազգային հարթակում իրեն լուրջ վերաբերվեն և COP29-ը (ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով) դառնա «Խաղաղության COP», ապա պետք է դադարեցնի Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը և անհապաղ ազատ արձակի նրան և ԼՂ մյուս քաղբանտարկյալներին»,- գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը:
Վարդանյանի ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։
«Տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասները»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ։
Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ գերիներին։
Բաքվի դատարանը մայիսին երկարացրել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների կալանքների ժամկետները։ Մայիսի 27-ին Բաքվի դատարանը մերժել էր Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը։ Վարդանյանին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետում գերեվարել էին 2023-ի սեպտեմբերի 27-ին ու նույն օրը ձերբակալել նրան։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։