Մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած ակցիայից հետո նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը երեք անձի մասով ավարտվել է, նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, հայտնել են Քննչական կոմիտեից։
Նրանցից երկուսը Վայոց ձորի 27 և 20-ամյա բնակիչներ են, մեկը՝ Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով):
Ըստ ՔԿ-ի՝ նախաննությամբ հիմնավորվել է, որ 3 քաղաքացիներն «անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ»։
Մայիսի 31-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԳՆ շենքի մոտ ակցիա էր իրականացրել՝ հանդիպում պահանջելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ Միրզոյանը հանդիպման համաձայնություն չի տվել, զբաղված է։ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանությունը փորձել էր ցրել շարժման ակցիան, հետո բախումներ էին սկսվել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածների պահման վայրում 27 քաղաքացի կա։ Հունիսի 3-ին ձերբակալված 27 քաղաքացիներն ազատ էին արձակվել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ԱԺ-ում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Հունիսի 14-ի դրությամբ Բաղրամյան պողոտան բաց է։