Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը, հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Փաստաբանի խոսքով՝ որոշումը և մեղադրանքը, ըստ որի Վարդանյանն անձանց նյութապես շահագրգռել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցելու համար, հիմքեր չունեն։
«Որոշումը գնահատում եմ ապօրինի։ Այն ստանալուց հետո սեղմ ժամկետում բողոքարկելու ենք»,- նշել է փաստաբանը։
«Ազգային ճակատը» հայտնել է, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։ Հունիսի 14-ին ՀՅԴ-ն հայտնել էր կուսակցության մարզային կառույցների խուզարկությունների և ղեկավար կազմի ձերբակալության մասին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին կաշառք տալու կասկածանքով 11 անձի բերման ենթարկելու մասին։ ՔԿ-ն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով վեց քրեական գործ էր հարուցել (հավաքներին մասնակցելուն հարկադրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ երեք տարի ժամկետով)։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։