Հարկադիր կատարման ծառայությունը կալանք է դրել անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի և նրա կնոջ ունեցվածքի վրա, հայտնում է «Հետք»-ը։
ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ պատգամավորին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար: Սակայն դատախազությունն այս փուլում չի հրապարակել, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց բռնագանձելու պահանջ է առաջ քաշվել:
Հարկադիր կատարման ակտերի ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժինը հունիսի 12-ին արգելանք էր դրել Գայանե Սողոմոնյանի ավանդի շուրջ 3 մլն 649 հազար դրամի և մեկ այլ ավանդով ներդրված ավանդից 40 մլն դրամի (112․000 հազար դոլար) տնօրինման հետ կապված որևէ գործողության վրա: Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի (մոտ 1 մլն 960 հազար դոլար) չափով է արգելանք դրվել:
Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021թ.՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր:
Մայիսին «Տավուշը» հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտնել էր, որ երկու անգամ հանդիպել է անկախ պատգամավորի հետ։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱԺ անկախ պատգամավոր Զաքարյանը համաձայնել է վարչապետի իմպիչմենտի համար ապահովել ընդդիմության 54-րդ քվեն, եթե նրանք կարողանան ապահովել 53-ը։