Հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված քաղաքացիներից ևս մեկի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, ինչի արդյունքում կալանավորվածների թիվը հասել է 8-ի, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի հաղորդագրությունից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 16-ին հայտնել էր, որ դատարանը կալանք է կիրառել 7 անձի նկատմամբ։
ՔԿ-ից մանրամասնել են, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժան բողոքի ակցիայի ընթացքում «առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել»։ Գերատեսչությունից տեղեկացրել են, որ ձերբակալված 12 անձանցից 8-ի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, 2-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
«Դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով ևս 1 անձի ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել ոստիկանությանը»,- ընդգծել են ՔԿ-ից։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։