«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում դատարանը 3 անձի կալանավորել է, 3-ի նկատմամբ տնային կալանք է կիրառել, հայտնել են Քննչական կոմիտեից։ «Ազգային ճակատը» հայտնել է, որ տնային կալանքի ենթարկված անձանցից մեկը կին է։
ՔԿ-ն տեղեկացրել է, որ քրվարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 10 անձի։ Նրանցից 3-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։ 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցել հարկադրելուն հանցակից լինելը)։
ՔԿ-ն նշել է, որ «հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մասին 6 ձայնագրությունում առկա խոսակցությունները տեղի են ունեցել մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում»։
«Դրանք հեռախոսազանգերի, նաև կայացած հանդիպումների խոսակցություններ են։ Դրանք տեղի են ունեցել նաև Վայքի ՀՅԴ գրասենյակում՝ ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ Պարզվել են խոսակցությունները վարող, դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ «Ազգային ճակատը» հայտնել էր, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։ Հունիսի 14-ին ՀՅԴ-ն հայտնել էր կուսակցության մարզային կառույցների խուզարկությունների և ղեկավար կազմի ձերբակալության մասին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին կաշառք տալու կասկածանքով 11 անձի բերման ենթարկելու մասին։ ՔԿ-ն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով վեց քրեական գործ էր հարուցել (հավաքներին մասնակցելուն հարկադրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ երեք տարի ժամկետով)։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։