Լրագրող Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել, նրան բռնության ենթարկելու փաստով հարուցվել է քրեական վարույթ, հայտնում է News.am-ը՝ հղում անելով Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանին։
«Գասպարյանը ճանաչվել է տուժող, նրա հետ կատարվել է համապատասխան քննչական գործողություն»,- ասել է ՔԿ մամուլի խոսնակը:
Աբրահամյանը նշել է, որ հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթը միացվել է հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափությանն առնչվող քրեական վարույթին։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հանրահավաք՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, երբ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։
Հավաքի ընթացքում տեղի էր ունեցել երկու բախում ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջև։ Բախման ժամանակ, ինչպես հայտնել էր Armenia Today-ի թղթակիցը, ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, այդ թվում՝ լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով կան տուժածներ, ցուցարարներից մեկի ձեռքի մատներն անդամահատել են։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 13-ին Առողջապահության նախարարությունն Armenia Today-ին հայտնել էր 100 տուժածի մասին, որից 17-ը, ոստիկանության հաղորդմամբ, ՆԳՆ աշխատողներ են։
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հատնել էր, որ բերման ենթարկելու ընթացքում Աբրահամ Գասպարյանին դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում էր ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել: