Մայիսի 27-ին Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու մեջ մեղադրվող տղամարդը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ն տեղեկացրել է, որ անհնազանդության ակցիաների ընթացքում մի խումբ քաղաքացիներ արգելափակել են ճանապարհի երթևեկելի հատվածը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ակցիայի մասնակիցներին ճանապարհի երթևեկելի հատվածը բացելու օրինական պահանջ են ներկայացրել, ինչը չի կատարվել, հավելել է ՔԿ-ն։
Ըստ ՔԿ-ի՝ երբ ոստիկանը ցանկացել է վարչական ձերբակալում իրականացնել, 54-ամյա տղամարդը, ով քննության տվյալներով չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող, ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը և այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին։
54-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով)։
Հունիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։ Նա հավելել էր, որ առաջիկա ամիսներին հրապարակը չեն լքելու։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։