«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով վիրավորներ կային ինչպես քաղաքացիների, այնպես էլ ոստիկանների շրջանում։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողներին հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության կողմից թույլ տրված խախտումներին։
«Հունիսի 12-ին հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքեր են գրանցվել, բացի այդ՝ ոստիկանության ղեկավարության կողմից եղել է խաղաղ հավաքը կանխամտածված խաթարելու սադրանք՝ խաղաղ հավաքը անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։ Ոստիկանական գործողությունների առնչությամբ մեր բոլոր փաստերն այդ մասին են վկայում։ Մասնավորապես, ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա էին ոստիկանության զորքեր, ինչն արգելված է օրենսդրությամբ։ Ոստիկանության զորքերին կարող են ներգրավել միայն զանգվածային անկարգությունների առաջացման դեպքում, բայց միայն այն ժամանակ, երբ ոստիկանական և ԱԱԾ ուժերը չեն կարողանում կանխել զանգվածային անկարգությունները»,- նշել է Չալաբյանը։
Նրա խոսքով՝ հունիսի 12-ին՝ ժամը 17։30-ից, «ոստիկանական պատի կողմից խաղաղ ցուցարարների ուղղությամբ տարբեր իրեր են նետվել»։
«Ոստիկանական պատի կողմից ցուցարարներին սադրելու նպատակով շշեր են նետել։ Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցույցի մասնակիցներ են անջատվել ցույցից ու հետո դաժան ծեծի են ենթարկվել, ինչը ևս հակասում է օրենքի պահանջներին։ Բացի այդ, հատուկ միջոցներ են կիրառվել այն ժամանակ, երբ ցուցարարների կողմից ոչ մի վտանգ չէր սպառնում։ Ավելին՝ հատուկ միջոցները կիրառվել են խախտումներով։ Հատուկ միջոցները կիրառվում են հատուկ հեռավորության վրա, բայց հունիսի 12-ին կիրառել են ցուցարարների խտության մեջ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ ի սկզբանե նպատակ են ունեցել խաթարել խաղաղ հավաքը և այն վերածել անկառավարելի գործընթացի»,- հավելել է Չալաբյանը։
Հաղորդումը ներկայացնելուց հետո Չալաբյանը նշել է՝ ակնկալում են, որ այն համապատասխան ընթացք կստանա։ Նա ակցիայի ժամանակ տուժած քաղաքացիներին կոչ է արել բողոք ներկայացնել։
«Ես մեր բոլոր տուժած քաղաքացիներին կոչ եմ անում, որ գան ու բողոք ներկայացնեն ու տուժողի կարգավիճակ ստանան։ Այդ ամենն օգնելու է ճշմարտությունը բացահայտելուն»,- եզրափակել է Չալաբյանը։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։
Հունիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ շարժման առաջնորդը հայտարարել էր, որ շարժումը պայքարի վերադասավորման փուլում է։ Նա հավելել էր, որ առաջիկա ամիսներին հրապարակը չեն լքելու։
Մանրամասները՝ տեսանյութերում։