Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել, հայտնել է Քննչական կոմիտեն։
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ շարժման հավաքն ավարտվել էր բախումներով։ Շարժման ներկայացուցիչները ոստիկանությանը մեղադրել էին Պռոշյան փողոցում իրենց կողմնակիցներին բերման ենթարկելու սադրանքի համար, և պահանջել բացել ԱԺ շենքի մուտքը: Դրանից հետո իրավիճակը սրվել էր, ոստիկանությունը մահակներ, հատուկ միջոցներ էր կիրառել։
ՔԿ-ն հայտնել է վարույթի նախաքննության ավարտի մասին։
«Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում մի խումբ անձինք անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ: Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ԱԺ-ից ներս ընկած այգու տարածք։ Ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
ՔԿ-ն 15 անձի մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով,) 1 անձի՝ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մասով (հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։ 4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ վարչական հսկողությունը։
Հուլիսի 25-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ընդդիմությունը ոստիկանների՝ հունիսի 12-ի գործողությունները քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն է սկսել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։