Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Լարիսա Դոլինայից խաբեությամբ 180 մլն ռուբլի (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար) են գողացել, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ ապրիլին երգչուհին զանգ է ստացել՝ իբր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից, և նրան հայտնել են, որ խաբեբաները հետաքրքրված են բնակարանով։ Զրուցակիցները նրան համոզել են վաճառել գույքը և միջոցները փոխանցել անվտանգ հաշվեհամարի։ Գործարքի քննարկման ժամանակ խաբեբաներին հաջողվել է Դոլինայից ստանալ 68 մլն ռուբլի։
Խաբեբաները նաև կապվել են անշարժ գույքի գործակալության հետ և հանձնարարել գնորդներ գտնել Դոլինայի բնակարանի համար։ Մայիսին փաստաթղթեր են ստորագրվել 112 միլիոնով բնակարանի վաճառքի մասին և ո՛չ միջնորդները, ո՛չ Դոլինան, ո՛չ էլ գնորդները չեն կասկածել, որ դա խաբեություն է:
Ստանալով գումարը՝ երգչուհին այն փոխանցել է կեղծ հաշվեհամարի։ Որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ իրեն խաբել են։ Աղբյուրի տվյալներով՝ բնակելի համալիր ժամանած նոր սեփականատերերը չեն կարողացել մտնել բնակարան, նրանց բերման են ենթարկել ոստիկանություն։
Այժմ 236 քմ մակերեսով բնակարանի վրա դատարանի որոշմամբ արգելանք է դրված՝ գործարքներն արգելված են։ Ինչպես գրում է Mash-ը, այս պատմության միակ զոհը կարող են դառնալ բնակարանի նոր սեփականատերերը։ Եթե գործարքը դատարանում անվավեր ճանաչվի, բնակարանը կվերադարձվի երգչուհուն, իսկ գնորդներն ստիպված կլինեն ենթարկվել դատարանի որոշմանը։