ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է սեպտեմբերի 7-ին Արմավիրում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված և վիրավորում ստացած ոստիկանների անունները։
Զոհված ծառայողը ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանն է։
«Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ հրազենային վիրավորում ստացած ոստիկանը Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանն է։
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ նրան վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ որոնում են ոստիկանի սպանության մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանին, որը, ըստ տեղեկությունների, զինված է։