Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն իր դեմ հարուցված քրեական գործն անվանել է «քաղաքական հետապնդում» այն բանից հետո, երբ ավելի քան մեկ շաբաթ առաջ ուժայինները խլել են քաղաքապետարանի և քաղաքապետի հոր՝ «Նորոգշին» ընկերության սուբվենցիաների հետ կապված ֆինանսական փաստաթղթերը, գրել է «Հրապարակ»-ը։
«Ես կարծում եմ, որ քաղաքական հետապնդման ենթատեքստեր նշմարվում են։ Պատահական չէ, որ այդ ամենն սկսվել է Սրբազանի այցից հետո»,- մեջբերում է թերթը Կապանի քաղաքապետի խոսքերը։
Փարսյանը նշել է, որ օգոստոսին հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավապահների կողմից որոշում էր ներկայացվել փաստաթղթերի առգրավման վերաբերյալ։
«Քրեական վարույթը հարուցվել է ՔՕ 283-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է հրապարակային սակարկություններում և գնումներում չարաշահումներ իրականացնելուն։ Հատկանշականն այն է, որ առգրավված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են այն աշխատանքներին ու ծրագրերին, որին մասնակցություն է ունեցել իմ ընտանիքին պատկանող ընկերությունը»,- նշել է նա թերթին տված հարցազրույցում։
Փարսյանը հայտարարել է, որ ընկերության կողմից խախտումներ չեն արվել։ «Որևիցե խախտում չկա, բոլոր գործընթացները գնացել են օրենքին համահունչ, իսկ «Նորոգշինի» հետ կապված քրեական վարույթն այլ վարույթ է»,- եզրափակել է Փարսյանը։
Սեպտեմբերի 24-ին ԶԼՄ-ն տեղեկացրել էր, որ իրավապահները Կապանի քաղաքապետարանից առգրավել էին քաղաքապետարանի և քաղաքապետի հոր՝ «Նորոգշինի» ընկերության սուբվենցիաների հետ կապված ֆինանսական փաստաթղթերը։ Ուժայինների գործողությունները թերթը բացատրել էր Սյունիքում «ջերմ ընդունելությամբ», որը Փարսյանը մի քանի ամիս առաջ ցուցաբերել էր ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։