Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցապահանջը, ըստ որի Խ.Ա.-ից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 25 միլիոն 410 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար և 508 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար, հայտնում են դատախազությունից։
Դատախազությունը հիշեցնում է, որ 2022թ․ մայիսի 18-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով Խ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի հարկերը չհաշվարկելու և պետբյուջե չվճարելու համար:
Ըստ գերատեսչության՝ 2024թ․ ապրիլի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Խ.Ա.-ն ազատվել էր քրեական պատասխանատվությունից, վարույթը կարճվել էր, իսկ դատախազի կողմից ներկայացված գույքային հայցը թողնվել էր առանց քննության:
«2024 թվականի հունիսի 12-ին դատախազության կողմից հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Խ.Ա.-ի՝ գումարը բռնագանձելու պահանջի մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
Դատախազությունը հավելում է, որ վճիռը մտել է օրինական ուժի մեջ, որի կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: