Գործարար, «Մաքուր երկաթի գործարան»-ի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին հետաձգվել է, հայտնել է Հակոբյանի պաշտպանական թիմը։
Պաշտպանները մասնամասնել են, որ որոշման հրապարակումը նշանակված էր դեկտեմբերի 19-ին, այն հետաձգվել էր դեկտեմբերի 30-ին։ Այժմ դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 9-ին:
«Գտնում ենք, որ կալանքի դեմ բողոքի քննության նման երկար ու հետաձգումներով քննությունը կոպտորեն խախտում է Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը»,- նշել են փաստաբանները։
Նրանք հավելել են, որ Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, սակայն, նրանց խոսքով, մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։
Սեպտեմբերի 20-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին հաստատել էր Հակոբյանին ձերբակալելու տեղեկությունը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Para TV-ի տվյալներով՝ ոստիկանների մի խումբ մուտք էր գործել Հակոբյանի բնակարան, որից հետո վերջինս, ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում, ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե: